ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
April 18, 2008 at 1:25 pm | In Ուսանողական, Սոցիալական | No CommentsՄեր օրերում հաճախ ենք լսում այնպիսի կարծիքներ, թե այժմյան սերունդը ՚անդաստիարակ է մեծանումՙ, ՚մեծերին չի լսումՙ, ՚գիրք չի կարդումՙ և այլ նմանատիպ արտահայտություններ: Միգուցե արդեն դժվար է հանդիպել հնազանդ և միայն ծնողների կամ մեծահասակների խոսքով ու կամքով առաջնորդվող երեխաների: Երեխաները շատ ավելի ազատ ու անկաշկանդ են մեծանում: Սակայն միթե դա բացասական երևույթ է: Չէ որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է և իրավունք ունի` արտահայտելու իր սեփական կարծիքը և լսելի դարձնելու իր խոսքը:
Այն, որ այսօր երեխաները ոչ պակաս մեծ ոգևորությամբ են ընթերցում Թումանյանի հեքիաթները և կարողանում են առավել ազատ ու տպավորիչ մարմնավորել թումանյանական այս կամ այն կերպարը, դա փաստ է:
Ապրիլի 13-ին` կիրակի օրը, Երևանի Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանի հյուրընկալ դահլիճում մեզ ևս մեկ անգամ հիանալի հնարավորություն ընձեռվեց ներթափանցել մեծն գրողի հեքիաթների զարմանահրաշ աշխարհը` այս անգամ արդեն Երևանի թիվ 82 դպրոցի 6-րդ դասարանի շնորհաշատ երեխաների անմիջական մասնակցությամբ: Ներկայացվեցին Թումանյանի ՚Բարեկենդանըՙ, ՚Տերն ու ծառանՙ և ՚Անխելք մարդըՙ հեքիաթները: Ներկայացման ժամանակ հանդիսատեսի առաջին շարքերում էին ՚Օրրանՙ բարեգործական հասարակական կազմակերպության սաները: Նախագծի հիմնական նպատակներից էր նաև նրանց ինտեգրումը հասարակություն և մշակութային կյանք` ի դեմս իրենց հասակակիցների: Մասնակից երեխաների համար հնարավորություն ստեղծվեց իրենց մեջ բացահայտել դերասանական շնորհ, ինչով, անշուշտ, օժտված էին նրանցից շատերը` ելնելով հանդիսատեսի ջերմ ընդունելությունից ու արձագանքներից ու հենց իրենց` կազմակերպիչների դիտարկումներից:
՚Երեխաները երեխաների համարՙ նախագծի շրջանակներում իրականացվեց նաև բարեգործական ակցիա ՚Օրրանՙ-ի սաների համար, որին մեծ պատրաստակամությամբ արձագանքեցին մի շարք հասարակական կազմակերպություններ և դպրոցներ:
Կազմակերպիչների հավաստմամբ` նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, քանի որ բազմակողմանի նպատակներ են հետապնդում` նպաստելով մեր երկրում առողջ հասարակության ձևավորմանն ու մշակութային առաջընթացին:
Այնպես որ…Առա’ջ երիտասարդություն, ներկան ու ապագան մեր ձեռքերում է…
ԵԱԴ-ի ուսանողուհի`
Արմինե Սեմիզյան
ՙՀյուրերն են բերել՚
June 1, 2007 at 3:49 pm | In Ուսանողական, Սոցիալական | 2 Comments
Քաղցրավենիք, կոշիկներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, փոքրիկ երեխաների թուշիկներին` համբույրներ, պատմություններ մանկատանը հայտնվելու մասին…
Մայիսի 25-ին Երևանի ՙՀատուկ տիպի՚ մանկատան հյուրն էին ԵՊՀ ժուռնալիստիկայի, մեխանիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Ֆակուլտետային ուսխորհուրդների կազմակերպած հանգանակության շնորհիվ` ուսանողները դատարկաձեռն չէին գնացել փոքրիկներին հյուր:
ԵՊՀ ՈւԽ հոգևոր-մշակութային հանձնաժողովը պարբերաբար այցելություններ է կազմակերպում քաղաքի տարբեր մանկատներ:
Ամենափոքրիկներից շատերը դեռ քնած էին, երբ ուսանողները մանկատուն հասան: Նրանց գլխավերևում խաղալիքներ դրեցին: Վարորդը և հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պողոսյանը, ովքեր ամեն անգամ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ մանկատուն են գալիս, արդեն անուններով գիտեն երեխաներից շատերին: Փոքրիկները ժպիտով նրանց գիրկն էին նետվում:
Երեխաների համար սովորական են դարձել նման այցելությունները, և երբ հարցնում ես` որտեղից այս կամ այն խաղալիքը, հաճախ պատասխանում են, որ հյուրերն են բերել: Ծիծաղում են, վազվզում են, ընկերության ու օրվա մասին իրենց փոքրիկ ՙփիլիսոփայություններն՚ են անում.
-Ամբողջ օրը կռվում ու խաղում ենք իրար հետ, կռվում ու խաղում:
-Ես գեներալ եմ դառնալու, երբ մեծանամ:
-Համ էլ ես քեզնից ուժեղ եմ…
Փոքրիկները մոտենում են քաղցրավենիքի տոպրակին, բայց նրանց առայժմ թույլ չեն տալիս կոնֆետ ուտել. ախորժակը կփախչի, և այլևս սպասը չեն ուտի:
Մի փոքրիկ աղջկա հարցնում ենք.
-Ով է քո ամենալավ ընկերուհին:
-Լիլիթը:
-Իսկ որ մեկն է Լիլիթը:
-Ինքը էստեղ չի, մամայիս մոտ ա, որ գալիս են ինձ տեսնելու, խաղում եմ հետը:
Այս մանկատանն ապրում են հիմնականում սոցիալապես անապահով ծնողների և բանտարկվածների երեխաներ: Ծնողները հաճախ են այցելում նրանց: Բայց մանկատան աշխատակիցներն ասում են, որ կան և այնպիսիները, որ ընդհանրապես մոռանում են երեխաների գոյությունը: Իսկ երեխաները այնպիսին են, ինչպիսին իրենց բոլոր հասակակիցները: Դպրոցահասակներն ամեն առավոտ սովորական հանրակրթական դպրոց են գնում, հետո դաս են սովորում, հեռուստացույց են դիտում, խաղում են: Նրանք տարբերվում են միայն իրենց ընտանիքների մասին պատմություններով:
Ուսանողները երեխաների հետ մանկական երգեր երգեցին, նկարեցին նրանց հետ, ձեռք ձեռքի տված` ՙԶիլինա՚ խաղացին: Գնալու ժամանակ փոքրիկ Մերին ոչ մի կերպ չէր ուզում բաց թողնել ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Գոհարի ձեռքը:
Վերջում` նորից ծիծաղ, համբույրներ, օդի մեջ թափահարվող թաթիկներ…
Մարիամ Կարապետյան
Հ. Գ.: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը շնորհակալություն է հայտնում հանանակությանը մասնակցած բոլոր ուսանողներին:
Նկարը` Օնիկ Կիրգորյանի
Բոլորին, բոլորին, բոլորին…
May 18, 2007 at 9:09 pm | In Հայտարարություն, Հետաքննական, Հրապարակախոսական, Մշակութային, Ուսանողական, Սոցիալական, Սպորտային, Տնտեսական, Քաղաքական | 1 CommentԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ողջունում է Ձեզ իր էջում եւ հրավիրում համագործակցության:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն գրել այս էջում, մասնակցել կայքի խմբագրմանը եւ ցանկացած այլ կերպ համագործակցել մեզ հետ, խնդրում ենք գրել մեզ usanogh@yandex.ru հասցեով: Մենք անհամբեր սպասում ենք Ձեզ:
Նշված էլ-փոստին գրելուց հետո կայքի ադմինիստրատոր blansh-ը Ձեր էլ-փոստին հրավեր կուղղարկի, որի վրա սեղմելուց հետո Դուք մուտք կգործեք համակարգ, Ձեզ անուն եւ գաղտնագիր կընտրեք եւ արդեն կկարողանաք նյութեր, նկարներ, վիդեոներ դնել եւ հաստատել դրանք: Այնպես որ, գրեք մեզ:
ՈՒԽ նախագահ Մարիաննա Փայտյան
Blog at WordPress.com. | Theme: Pool by Borja Fernandez.
Entries and comments feeds.