ՙՀյուրերն են բերել՚
June 1, 2007 at 3:49 pm | In Ուսանողական, Սոցիալական |
Քաղցրավենիք, կոշիկներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, փոքրիկ երեխաների թուշիկներին` համբույրներ, պատմություններ մանկատանը հայտնվելու մասին…
Մայիսի 25-ին Երևանի ՙՀատուկ տիպի՚ մանկատան հյուրն էին ԵՊՀ ժուռնալիստիկայի, մեխանիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Ֆակուլտետային ուսխորհուրդների կազմակերպած հանգանակության շնորհիվ` ուսանողները դատարկաձեռն չէին գնացել փոքրիկներին հյուր:
ԵՊՀ ՈւԽ հոգևոր-մշակութային հանձնաժողովը պարբերաբար այցելություններ է կազմակերպում քաղաքի տարբեր մանկատներ:
Ամենափոքրիկներից շատերը դեռ քնած էին, երբ ուսանողները մանկատուն հասան: Նրանց գլխավերևում խաղալիքներ դրեցին: Վարորդը և հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պողոսյանը, ովքեր ամեն անգամ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ մանկատուն են գալիս, արդեն անուններով գիտեն երեխաներից շատերին: Փոքրիկները ժպիտով նրանց գիրկն էին նետվում:
Երեխաների համար սովորական են դարձել նման այցելությունները, և երբ հարցնում ես` որտեղից այս կամ այն խաղալիքը, հաճախ պատասխանում են, որ հյուրերն են բերել: Ծիծաղում են, վազվզում են, ընկերության ու օրվա մասին իրենց փոքրիկ ՙփիլիսոփայություններն՚ են անում.
-Ամբողջ օրը կռվում ու խաղում ենք իրար հետ, կռվում ու խաղում:
-Ես գեներալ եմ դառնալու, երբ մեծանամ:
-Համ էլ ես քեզնից ուժեղ եմ…
Փոքրիկները մոտենում են քաղցրավենիքի տոպրակին, բայց նրանց առայժմ թույլ չեն տալիս կոնֆետ ուտել. ախորժակը կփախչի, և այլևս սպասը չեն ուտի:
Մի փոքրիկ աղջկա հարցնում ենք.
-Ով է քո ամենալավ ընկերուհին:
-Լիլիթը:
-Իսկ որ մեկն է Լիլիթը:
-Ինքը էստեղ չի, մամայիս մոտ ա, որ գալիս են ինձ տեսնելու, խաղում եմ հետը:
Այս մանկատանն ապրում են հիմնականում սոցիալապես անապահով ծնողների և բանտարկվածների երեխաներ: Ծնողները հաճախ են այցելում նրանց: Բայց մանկատան աշխատակիցներն ասում են, որ կան և այնպիսիները, որ ընդհանրապես մոռանում են երեխաների գոյությունը: Իսկ երեխաները այնպիսին են, ինչպիսին իրենց բոլոր հասակակիցները: Դպրոցահասակներն ամեն առավոտ սովորական հանրակրթական դպրոց են գնում, հետո դաս են սովորում, հեռուստացույց են դիտում, խաղում են: Նրանք տարբերվում են միայն իրենց ընտանիքների մասին պատմություններով:
Ուսանողները երեխաների հետ մանկական երգեր երգեցին, նկարեցին նրանց հետ, ձեռք ձեռքի տված` ՙԶիլինա՚ խաղացին: Գնալու ժամանակ փոքրիկ Մերին ոչ մի կերպ չէր ուզում բաց թողնել ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Գոհարի ձեռքը:
Վերջում` նորից ծիծաղ, համբույրներ, օդի մեջ թափահարվող թաթիկներ…
Մարիամ Կարապետյան
Հ. Գ.: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը շնորհակալություն է հայտնում հանանակությանը մասնակցած բոլոր ուսանողներին:
Նկարը` Օնիկ Կիրգորյանի
2 Comments »
RSS feed for comments on this post. TrackBack URI
Leave a comment
Blog at WordPress.com. | Theme: Pool by Borja Fernandez.
Entries and comments feeds.
Congrats on the new blog although my Armenian isn’t good enough to read it. Anyway, always nice to find new blogs set up and especially ones in Armenian rather than only in English or Russian. Even nicer to find that a photo of mine is used and standard blogging practice of crediting the source is followed, so thanks for that.
Anyway, good luck.
Cheers,
Comment by Onnik Krikorian — June 15, 2007 #
Dear Onnik, thanks for all good wishes and we hope you will periodically visit us even your Armenian is not excellent. And we also expect to meet you in our faculty.
Comment by blansh — September 6, 2007 #